«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՉԵՆ ՈՏՆԱՀԱՐԻ ՍՈՑՔԱՐՏ ՉՈՒՆԵՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՉԵՆ ՈՏՆԱՀԱՐԻ ՍՈՑՔԱՐՏ ՉՈՒՆԵՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
23.03.2012 | 00:00

Հունիսի 1-ից Հայաստանում կներդրվեն նույնականացման քարտն ու կենսաչափական տվյալներով ճամփորդական անձնագիրը։ Ի՞նչ է սա ենթադրում: Ըստ հրապարակված տեղեկատվության, նույնականացման քարտը պարունակում է նաև սոցիալական քարտի տվյալները։ Այս դեպքում ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, ովքեր չունեն կամ չեն ցանկանում ունենալ սոցքարտեր։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այս նոր անձնագրերը, և ի՞նչ ճակատագիր է սպասում գործող անձնագրին։ Հարցեր, որոնց շուրջ զրուցում ենք ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԻ հետ։

-Ընդունվել են «Նույնականացման քարտերի մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» երեք հիմնական օրենքները։ Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձնագրերի միջև ընտրություն կատարել։ Ցանկության դեպքում քաղաքացին կարող է դիմել և ստանալ կենսաչափական տվյալներով նույնականացման քարտ, որը մարդուն հնարավորություն է տալիս անձը հաստատող այս փաստաթուղթը լայնորեն կիրառելու Հայաստանում։ Ճամփորդական փաստաթուղթը կենսաչափական տվյալներով անձնագիրն է։ Այս երկու փաստաթղթերը փոխարինում են այսօրվա գործող անձնագրերին, սակայն, միևնույն ժամանակ, գործող անձնագրերն անվավեր չեն ճանաչվում, նույնպես օրենքի ուժ ունեն և կիրառական են թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ճամփորդությունների ժամանակ։ Պետք է նշեմ կարևոր մի հանգամանք. եթե հունիսի 1-ից հետո այսօրվա անձնագրերի ժամկետը լրանում է, ապա անձը կարող է դիմել անձնագրային ծառայություն և կրկին ստանալ նույն նմուշի անձնագիր։
-Իսկ քաղաքացին կարո՞ղ է ՀՀ տարածքից դուրս գալ, ճամփորդել։
-Միանշանակ` այո, հին նմուշի անձնագրերն ամբողջությամբ պահպանելու են իրենց իրավական գործառույթները բոլոր առումներով` և՛ որպես անձը հաստատող, և՛ որպես ճամփորդական փաստաթուղթ։
-Այդ դեպքում, ո՞րն է նոր համակարգի ներդրման նպատակը։
-Նախ` անցանկալի անձանց տեղաշարժի վերահսկման ուժեղացումն է, ինչը թույլ կտա իրականացնել ճամփորդական անձնագիրը, բացի այդ, նոր նմուշի փաստաթղթերն ավելի պաշտպանված կլինեն, և գրեթե անհնար կլինի այդպիսի փաստաթղթի կեղծումը: Միաժամանակ, եթե որևէ մեկը փորձի օգտագործել մեկ այլ անձի փաստաթուղթը, ապա նման հնարավորությունը նույնականացման քարտը բացառում է, քանի որ այն նույնպես 100 %-ով նույնականացնելու է տվյալ անձին։ Այսինքն, անմիջապես բոլոր պարամետրերով բացահայտվելու է` ով է տվյալ փաստաթղթի իրական տերը։ Եվ ամենակարևորը. ազատ տեղաշարժվելու իրավունքի, կամ, ինչպես ընդունված է ասել, մուտքի արտոնագրերի դյուրացման խնդիրն է լուծվում` դեպի եվրոպական և շենգենյան երկրներ։ Այս փոփոխությունները կատարվել են Եվրամիություն-Հայաստան հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության համատեքստում, այսինքն, Եվրամիությունն առաջարկել էր Հայաստանին այն պայմանները, որոնք պետք է իրականացվեին արտոնագրերի դյուրացման համար։ Սա բխում է թե՛ քաղաքացու, թե՛ պետության անվտանգության շահերից։
-Նախնական հաշվարկ կա՞, թե այս նոր համակարգի ներդրումից հետո որքան կնվազեն փաստաթղթերի կեղծման դեպքերը։
-Իհարկե` ոչ։
-Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հետևեք դինամիկային, ի՞նչը ինչի՞ հետ եք համեմատելու։
-Խնդիրը համեմատությունը չէ։ Մենք փորձել ենք գործողության մեջ դնել նույնականացման քարտը, որն ունի շատ ավելի բարձր պաշտպանվածության աստիճան. սրանով է պայմանավորված համակարգի ներդրումը։ Նշեմ, որ արդեն լեհական ընկերությունը տեղադրել է անհրաժեշտ սարքավորումները, որոնք փորձարկվել են, թեստավորումը նույնպես դրական է անցել։ Մինչև հունիսի 1-ը փորձնական ծրագիր կիրականացնենք, որից հետո այն լայնորեն կկիրառվի։
Նույնականացման քարտի կարևորությունն այն է, որ հեշտացնում է քաղաքացու շփումը պետական մարմինների հետ։ Քարտի վրա զետեղված անձի հանրային համարանիշն ուղղակիորեն փոխարինում է սոցիալական քարտին։ Հետևաբար քաղաքացին սոցքարտ պահելու կամ այն պետական կառույցին ներկայացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նույնականացման քարտը պետության ներսում և՛ անձնագիր է, և՛ փոխարինում է սոցիալական քարտին։ Միևնույն ժամանակ, այն պարունակում է անձի էլեկտրոնային ստորագրությունը։ Յուրաքանչյուր անձ, ով անձնագրային վարչությունում կլուսանկարվի և կհանձնի մատնադրոշմ և կստորագրի, դա ավտոմատ կերպով կանցնի քարտի մեջ։
-Նույնականացման քարտը կիրառվելու է միայն հանրապետության ներսում, իսկ ճամփորդական անձնագրում նո՞ւյնպես զետեղվում են հանրային համարանիշը (սոցքարտը), մատնահետքերը, մի խոսքով, այն ամենը, ինչ պարունակում է նույնականացման քարտը։
-Ոչ, հանրային համարանիշն ամրագրվելու է միայն նույնականացման քարտում։ Դրանք կունենան էլեկտրոնային պահոց, որոնց մեջ կներառվեն անուն, ազգանուն, էլեկտրոնային ստորագրություն, անհատականացման տվյալներ, թվայնացված լուսանկար և անձի հետ կապված այլ տվյալներ։
-Ո՞վ է նոր համակարգի ներդրումն իրականացնելու։
-Ծրագիրն իրականացնելու է լեհական ընկերությունը` սեփական միջոցներով։ Հետագայում ներդրված գումարն աստիճանաբար հինգ տարվա ընթացքում պետք է մարվի պետության կողմից իրացված անձնագրերից առաջացած գումարներով։
-Այսինքն, մարդն այդ անձնագրերի համար պետք է վճարի՞։
-Այո, ցանկացած քաղաքացի, որը հունիսի 1-ից հետո կցանկանա ունենալ հին նմուշի` այսօր գործող անձնագիր, պետք է սովորականի պես վճարի 1000 դրամ։ Եթե ընտրում է նույնականացման քարտ կամ կենսաչափական տվյալներով ճամփորդական անձնագիր, ապա 3000 դրամ պետք է վճարի նույնականացման քարտի և 25000 դրամ` ճամփորդական անձնագրի համար։ Այն դեպքերում, եթե քաղաքացին ժամանակից շուտ կցանկանա ստանալ նոր անձնագիրը, ապա կսահմանվեն այլ գումարներ։ Այս խնդիրը կարգավորվելու է ենթաօրենսդրական ակտերով, որոնք ներկայացված են կառավարությանը։ Նրանք, ովքեր նախկինում չեն ունեցել սոցիալական քարտ, և այս նոր համակարգի ներդրումից հետո նույնպես չեն ուզում ստանալ նույնականացման քարտ, կարող են դիմել անձնագրերի և վիզաների վարչության ստորաբաժանումներ և ստանալ տեղեկանքներ հանրային ծառայության համարանիշ չունենալու կամ չցանկանալու վերաբերյալ։
-Այսինքն, հունիսի 1-ից հետո, ովքեր չեն ցանկանում ունենալ հանրային համարանիշ, պետք է դիմեն ոչ թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, այլ անձնագրերի և վիզաների վարչության ստորաբաժանումնե՞ր։
-Մարդիկ, ովքեր նախկինում ունեցել են սոցքարտ, այն մնում է ուժի մեջ և, որպես հանրային ծառայության համարանիշ, փոխանցվում է նույնականացման քարտի մեջ։ Եթե քաղաքացին, ինչ-ինչ նպատակներից, հայացքներից ելնելով, չունի կամ չի ցանկանում ստանալ հանրային ծառայության համարանիշ, նրան կտրվի տեղեկանք, որը թույլ կտա առանց հանրային ծառայության համարանիշի օգտվել բոլոր ծառայություններից։
-Հանրային ծառայության համարանիշը փոխարինում է սոցքարտին, իսկ ի՞նչ է ենթադրում կենսաչափական տվյալներ ասվածը։
-Դրանք մատնադրոշմներն ու թվայնացված լուսանկարներն են:
-Անձնագրերի խնդրից անցնենք համակարգում ընթացող բարեփոխումներին։ Անցած տարի ավարտվեց 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագիրը։ Ծրագրվածի քանի՞ տոկոսն իրականություն դարձավ, և ի՞նչ է նախատեսվում 2012-ին։
-2010-2011-ի բարեփոխումների ծրագրի շրջանակներում իրականացվել է 200 միջոցառում, ծրագիրը կատարվել է գրեթե 96 տոկոսով։ Դրանցից մասնավորապես կառանձնացնեի անձնագրային, կրթական համակարգերի, ճանապարհային ոստիկանության, քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման և ոստիկանության մասին օրենսդրության միջազգային չափանիշներին համապատասխանությանն ուղղված բարեփոխումները: Ինչ վերաբերում է 2012-ին, ապա շեշտը դրվելու է ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման վրա։
-Բայց 2011-ին էլ շեշտադրումը նույնն էր։
-Այո, և, կարծում եմ, ինչը չենք հասցրել անել անցած տարի, այս տարի կիրականացնենք։ Ամեն դեպքում, դրական փոփոխություն կա, և ոստիկանության նկատմամբ վստահությունը գնալով մեծանում է։ Լիարժեք վստահության հասնելու համար նախատեսել ենք մի շարք միջոցառումներ։ Նպատակ ունենք այդ գործընթացում ներգրավել մեր քաղաքացիներին։ Հասարակական կարգի պահպանման առումով մշակել ենք մի շարք ուղեցույցներ, որոնց մի մասն արդեն հրատարակվել է։ Առաջիկայում ևս մեկ-երկու ուղեցույց լույս կտեսնի` հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունները կանոնակարգելու նպատակով։ Կարծում եմ` առաջիկայում արդյունքները տեսանելի կլինեն։ Հունիսի 1-ից նախատեսվում է ստեղծել համայնքային ոստիկանության մոդել, որը ենթադրում է Ձեր նշած վստահության բարձրացում` քաղաքացի-ոստիկան շփման մեջ։ Այս ծրագրի շրջանակներում կստեղծվի օպերատիվ կառավարման կենտրոն, որի տեխնիկական հնարավորությունները թույլ կտան տեսնել մայրաքաղաքի տրանսպորտային ամբողջ շարժը, ահազանգի դեպքում անմիջապես արձագանքել և ճիշտ ուղղորդել մոտակայքում գտնվող ոստիկանական մեքենան։ Կարծում եմ` այս տարի ավելի մեծ ձեռքբերումներ կունենանք տվյալ ոլորտում։ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ ներկայումս մշակում է վերը հիշատակված ծրագիրը:
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ